Անոմալ արգանդային արյունահոսություն
Անոմալ արգանդային արյունահոսություն | |
---|---|
Տեսակ | հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 626.8 |
ՀՄԴ-10 | N93.8 |
Տարբերակիչ ախտորոշում | Արտարգանդային հղիություն |
Uterine hemorrhage Վիքիպահեստում |
Անոմալ արգանդային արյունահոսություն, ընդգրկում է դաշտանային ցիկլի հաճախականության, կանոնավորության, տևողության և կորցրած արյան ծավալի շեղումները։ Կանանց մինչև մեկ երրորդը կյանքում ունենում են անոմալ արգանդային արյունահոսություն, ընդ որում առավել հաճախ մենարխեի (առաջին դաշտան) և շուրջդաշտանադադարային շրջանում:Նորմալ դաշտանային ցիկլի հաճախականությունը 24-ից 38 օր է, տևողությունը 2-ից 7 օր՝ 5-ից 80 միլիլիտր արյան կորստով[1]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անոմալ արգանդային արյունահոսության տարածվածությունը վերարտադրողական տարիքի կանանց շրջանում միջազգայնորեն գնահատվում է 3%-ից 30%, ընդ որում, ավելի բարձր հաճախականությամբ մենարխեի և շուրջդաշտանադադարային շրջանում։ Շատ ուսումնասիրություններ սահմանափակվում են առատ դաշտանային արյունահոսությամբ, բայց երբ հաշվի են առնվում անկանոն և միջդաշտանային արյունահոսությունները, տարածվածությունը բարձրանում է մինչև 35% կամ ավելի[1]։ Շատ կանայք իրենց ախտանիշների բուժմամբ չեն զբաղվում, և ախտորոշման որոշ բաղադրիչներ սուբյեկտիվ են, ինչը դժվարացնում է ճշգրիտ տարածվածության որոշումը[2]։
Անոմալ արգանդային արյունահոսություն կարող է առաջանալ ցանկացած տարիքում։ Բայց կնոջ կյանքի որոշակի փուլերում անկանոն դաշտանային ցիկլերն առավել բնորոշ են։
- Ցիկլը կարող է լինել անկանոն առաջին դաշտանից (մոտ 9-ից 14 տարեկան) հետո որոշակի ժամանակ։
- Շուրջդաշտանադադարային շրջանում (մոտ 50 տարեկան), դաշտանների միջև միջակայքը կարող է փոխվել։ Բնորոշ է դաշտան չունենալը կամ թեթև արտահայտված կամ առատ արյունահոսությունը։
Չնայած այս փոփոխությունները ակնկալելի են, անհրաժեշտ է խոսել մանկաբարձ-գինեկոլոգի հետ ցանկացած անոմալ արգանդային արյունահոսության դեպքում[3]։
Պաթոֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգանդի և ձվարանների զարկերակները արյուն են մատակարարում արգանդին։ Արգանդի լորձաթաղանթը՝ էնդոմետրիումն ունի երկու շերտ՝ ֆունկցիոնալ և բազալ։ Դաշտանային ցիկլի վերջում նվազում է պրոգեստերոնի մակարդակը, ինչը հանգեցնում է էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի ֆերմենտային քայքայման։ Սա հանգեցնում է արյան կորստի և լորձաթաղանթի պոկման, որն էլ իրենից ներկայացնում է դաշտանը։ Գործող թրոմբոցիտները, թրոմբինը և զարկերակային անոթակծկումը վերահսկում են արյունակորուստը։ Արգանդի կառուցվածքի ցանկացած շեղումը (օրինակ՝ միոմա, պոլիպներ, ադենոմիոզ, չարորակ ուռուցք կամ հիպերպլազիա), մակարդման համակարգի խանգարումները (կոագուլոպաթիաներ կամ յատրոգեն) կամ հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարանային առանցքի շեղումները (ձվազատման/հորմոնալ խանգարումներ կամ յատրոգեն) կարող են ազդել դաշտանի վրա և հանգեցնել արգանդի անոմալ արյունահոսության[4]։
Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյունահոսությունը հետևյալ իրավիճակներում համարվում է անոմալ արգանդային արյունահոսություն.
- Արյունահոսություն երկու դաշտանների միջև եղած ժամանակահատվածում
- Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն (պոստկոիտալ)
- Առատ արյունահոսություն դաշտանի ընթացքում
- Արյունահոսություն, որի դեպքում ժամը մեկ թրջվում են մեկ կամ մի քանի միջադիրներ/տամպոններ
- Ավելի քան 7 օր տևող արյունահոսություն
- Ավելի քան 35 օր կամ 21 օրից պակաս տևող դաշտանային ցիկլ
- «Անկանոն» դաշտանային ցիկլեր, երբ տևողությունները տատանվում են 7-9 օրից ավել
- 3-ից 6 ամիս դաշտանի բացակայություն
- Արյունահոսություն դաշտանադադարից հետո
Արգանդի անոմալ արյունահոսությունը կարող է լինել քրոնիկական, երբ այն առկա է առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում։ Հանդիպում են նաև արյունահոսության հանկարծակի, անսովոր դրվագներ՝ սուր անոմալ արգանդային արյունահոսություն[3]։
Էթիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]PALM-COEIN-ը օգտակար հապավում է, որը տրամադրվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի միջազգային ֆեդերացիայի (FIGO) կողմից՝ արգանդի անոմալ արյունահոսության հիմքում ընկած պատճառները դասակարգելու համար։ Առաջին մասը՝ PALM-ը, նկարագրում է կառուցվածքային խնդիրները։ Երկրորդ մասը՝ COEI, նկարագրում է ոչ կառուցվածքային խնդիրները։ N-ը նշանակում է «այլ կերպ դասակարգված չէ»։
- Պոլիպ (անգլ.՝ P: Polyp)
- Ադենոմիոզ (անգլ.՝ A: Adenomyosis)
- Լեյոմիոմա (անգլ.՝ L: Leiomyoma)
- Չարորակ նորագոյացություն, հիպերպլազիա (անգլ.՝ M: Malignancy and hyperplasia)
- Կոագուլոպաթիա (անգլ.՝ C: Coagulopathy)
- Օվուլյացիոն (ձվազատական) դիսֆունկցիա (անգլ.՝ O: Ovulatory dysfunction)
- Էնդոմետրիալ ախտաբանություն (անգլ.՝ E: Endometrial disorders)
- Յաթրոգեն (անգլ.՝ I: Iatrogenic)
- Չդասակարգված (անգլ.՝ N: Not otherwise classified)[5]
Առավել մանրամասն.
- Օվուլյացիայի (ձվազատման) հետ կապված խնդիրներ: Օվուլյացիայի բացակայությունը կարող է առաջացնել անկանոն, երբեմն առատ դաշտանային արյունահոսություն։ Եթե մի քանի դաշտանային ցիկլերի ընթացքում ձվազատում չի լինում, արգանդը ներսից պատող էպիթելը՝ էնդոմետրիումը կարող է չափազանց հաստանալ։ Սա կարող է հանդիպել դաշտանի սկսվելուց հետո առաջին մի քանի տարիների ընթացքում և դաշտանադադարի ընթացքում, ինչպես նաև ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի (ՁՊԿՀ), հիպոթիրեոզի դեպքում։
- Միոմա (ֆիբրոիդ) և պոլիպ։ Միոմաները ոչ քաղցկեղային գոյացություններ են, որոնք առաջանում են արգանդի մկանային հյուսվածքից։ Պոլիպները ոչ քաղցկեղային աճի մեկ այլ տեսակ են։ Նրանք կարող են հայտնաբերվել արգանդի ներսում կամ արգանդի վզիկի վրա։ Երկուսն էլ կարող են առաջացնել անկանոն կամ առատ դաշտանային արյունահոսություն։
- Ադենոմիոզ (արգանդի մարմնի էնդոմետրիոզ)։ Բնորոշվում է էնդոմետրիումի աճով արգանդի պատի մեջ։ Նշաններն ու ախտանիշները կարող են ներառել առատ դաշտանային արյունահոսությունը և տարիքի հետ սաստկացող դաշտանային ցավեր։
- Արյունահոսական խանգարումներ։ Եթե կնոջ արյունը պատշաճ կերպով չի մակարդվում, կարող է ուժեղ արյունահոսություն առաջանալ։ Այս խանգարման մասին է խոսում առաջին դաշտանից սկսած առատ դաշտանային արյունահոսություններ ունենալը։ Այլ նշանները ներառում են ծանր արյունահոսություն ծննդաբերությունից հետո կամ վիրահատության ընթացքում, ատամնաբուժական միջամտությունից հետո լնդերի արյունահոսություն, հեշտ առաջացող կապտուկներ և հաճախակի քթային արյունահոսություններ։
- Դեղորայք. Հորմոնալ հակաբեղմնավորիչ միջոցները կարող են առաջացնել դաշտանային արյունահոսության բնույթի փոփոխություններ, ներառյալ դաշտանից դուրս առաջացող արյունահոսությունները։ Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակամակարդիչներն ու հակաագրեգատները, կարող են ուժեղ դաշտանային արյունահոսություն առաջացնել։ Պղինձ պարունակող ներարգանդային պարույրը կարող է առաջացնել առատ դաշտանային արյունահոսություն, հատկապես օգտագործման առաջին տարվա ընթացքում։
- Քաղցկեղ։ Արգանդի անոմալ արյունահոսությունը կարող է էնդոմետրիումի քաղցկեղի վաղ նշան լինել։ Էնդոմետրիումի քաղցկեղի դեպքերի մեծ մասը հանդիպում է հետդաշտանադադարային շրջանում։ Այն սովորաբար ախտորոշվում է վաղ փուլում, երբ բուժումն առավել արդյունավետ է։ Էնդոմետրիումի քաղցկեղի հանգեցնող էնդոմետրիալ ներէպիթելային նույնպես առաջացնում է անոմալ արգանդային արյունահոսություն և դրա բուժումը կարող է կանխել էնդոմետրիումի քաղցկեղը։
- Այլ պատճառներ. Էնդոմետրիոզը և էնդոմետրիումի հետ կապված այլ խնդիրներ կարող են առաջացնել առատ դաշտանային արյունահոսություն։ Անոմալ արյունահոսության այլ պատճառները ներառում են արտաարգանդային հղիությունը և վիժումը, կոնքի բորբոքային հիվանդությունը։ Երբեմն, մեկից ավելի պատճառ կա[3]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհրաժեշտ է հավաքել մանրակրկիտ անամնեզ, մասնավորապես ուշադրություն դարձնել հետևյալների վրա.
- Դաշտանային ցիկլի տվյալներ
- Մենարխեի տարիք
- Վերջին դաշտան
- Դաշտանի հաճախականություն, կանոնավորություն, տևողություն, կորցրած արյան ծավալ
- Միջդաշտանային և պոստկոիտալ արյունահոսության առկայություն
- Սեռական և վերարտադրողական պատմություն
- Մանկաբարձական անամնեզ, ներառյալ հղիությունների քանակը և ծննդաբերության եղանակը
- Վերարտադրողական ֆունկցիա
- Հակաբեղմնավորիչ միջոցների ընթացիկ կիրառում
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՍՎ) պատմություն
- ՊԱՊ քսուկի տվյալներ
- Ախտանիշներ
- Քաշի կորուստ
- Ցավ
- Արտադրություն սեռական ճեղքից
- Աղիների կամ միզային համակարգի ախտանիշներ
- Անեմիայի նշաններ/ախտանիշներ
- Արյունահոսական խանգարումների անամնեզ, նշաններ/ախտանիշներ
- Էնդոկրին խանգարումների անամնեզ, նշաններ/ախտանիշներ
- Կիրառվող դեղամիջոցներ
- Կոագուլոպաթիաների, չարորակ ուռուցքների, էնդոկրին խանգարումների ընտանեկան պատմություն
- Վատ սովորություններ/սոցիալական վիճակ, ներառյալ ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը, զբաղվածությունը, ախտանիշների ազդեցությունը կյանքի որակի վրա
- Տարած վիրահատություններ[5]
Ֆիզիկական քննությունը պետք է ընդգրկի.
- Կենսական նշաններ, ներառյալ արյան ճնշումը և մարմնի զանգվածի ինդեքսը
- Մաշկի կամ լորձաթաղանթի գունատություն
- Էնդոկրին խանգարումների նշաններ
- Վահանաձև գեղձի զննում չափերի մեծացման, զգայունության որոշման համար
- Մազերի ավելցուկային կամ անոմալ աճ, կլիտորոմեգալիա (ծլիկի մեծացում), ակնե, որոնք կարող են վկայել հիպերանդրոգենիզմի մասին
- Լուսնանման դեմք, ճարպի անոմալ բաշխում, ստրիաներ, որոնք կարող են վկայել Քուշինգի համախտանիշի մասին
- Կոագուլոպաթիաների նշաններ, ինչպիսիք են կապտուկը կամ պետեխիան
- Որովայնի զննում, շոշափում՝ կոնքի կամ որովայնի գոյացությունների ախտորոշման համար
- Կոնքի արտաքին, հայելիներով և բիմանուալ զննում[5]
Լաբորատոր թեստերից արյան ընդհանուր քննությունը կարող է օգնել պարզել անեմիայի կամ վարակի առկայությունը։ Լաբորատոր թեստերով կարելի է որոշել արյունահոսական խանգարումները, հղիությունը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՍՎ)։
Ելնելով ախտանիշներից և տարիքից՝ կարող են անհրաժեշտ լինել նաև գործիքային հետազոտություններ.
- Ուլտրաձայնային հետազոտություն. Ձայնային ալիքներն օգտագործվում են կոնքի օրգանների պատկերը կազմելու համար։
- Հիստերոսկոպիա. Ազատ ծայրին տեսախցիկ ունեցող փոքր խողովակը անցկացվում է հեշտոցի և արգանդի վզիկի բացվածքի միջով, թույլ է տալիս տեսնել արգանդի ներսը։
- Էնդոմետրիումի բիոպսիա. էնդոմետրիումի նմուշ է վերցվում և դիտվում մանրադիտակի տակ։
- Սոնոհիստերոգրաֆիա. Հեղուկ է անցկացվում արգանդի մեջ բարակ խողովակի միջոցով և զուգահեռ արվում է ՈՒՁՀ։
- Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). Օգտագործվում են հզոր մագնիսներ՝ ներքին օրգանների պատկերներ ստեղծելու համար։
- Համակարգչային տոմոգրաֆիա. Ռենտգենյան ճառագայթների միջոցով լայնական կտրվածքում տեսանելի են դառնում ներքին օրգաններն ու կառուցվածքները[3]։
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած արյունահոսություն միզասեռական տրակտից կամ ստամոքս-աղիքային տրակտից կարող է նմանակել արգանդի անոմալ արյունահոսությանը։ Հետևաբար, այլ աղբյուրներից արյունահոսությունը պետք է բացառել։
- Վուլվա՝ բարորակ գոյացություններ կամ չարորակ ուռուցքներ
- Հեշտոց՝ բարորակ գոյացություններ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, վագինիտ, չարորակ ուռուցքներ, տրավմա, օտար մարմիններ
- Արգանդի վզիկ՝ բարորակ գոյացություններ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, չարորակ ուռուցքներ
- Արգանդափողեր և ձվարաններ՝ կոնքի բորբոքային հիվանդություն, չարորակ ուռուցք
- Միզուղիներ՝ վարակներ, չարորակ ուռուցքներ
- Ստամոքս-աղիքային տրակտ՝ աղիների բորբոքային հիվանդություն, Բեխչետի համախտանիշ
- Հղիության բարդություններ՝ ինքնաբեր վիժում, արտաարգանդային հղիություն, առաջադիր ընկերք
- Արգանդի մարմին՝ պատճառները թվարկված են PALM-COEIN հապավման մեջ[1][6][7]
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկանոն կամ առատ դաշտանային արյունահոսությունը բուժելու համար հաճախ առաջին հերթին կիրառվում են դեղամիջոցներ։ Նրանցից որոշները նաև կանխում են հղիությունը։ Սա կարող է օգտակար լինել, եթե կնոջն անհրաժեշտ է հակաբեղմնավորիչ մեթոդ։ Կարող են օգտագործվել.
- Հորմոնալ հակաբեղմնավորիչ մեթոդներ. Անկանոն և առատ արյունահոսությունը, որն առաջանում է օվուլյացիայի, ՁՊԿՀ-ի և ֆիբրոիդների հետ կապված խնդիրների պատճառով, հաճախ կարելի է կառավարել հորմոնալ հակաբեղմնավորիչ մեթոդներով։
- Համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբեր, մաշկի սպեղանի և հեշտոցային օղերը պարունակում են և՛ էստրոգեն, և՛ պրոգեստին։ Նրանք կարող են փոքրացնել արյունային արտադրությունը և դաշտանային ցիկլն ավելի կանոնավոր դարձնել։ Շարունակաբար ընդունելու դեպքում դրանք կարող են պակասեցնել կամ լրիվ դադարեցնել դաշտանային ցիկլը։
- Միայն պրոգեստին պարունակող միջոցները, ներառյալ հորմոնալ ներարգանդային պարույրը, հաբերը և ներարկումը, նույնպես կարող են նվազեցնել արյունահոսությունը։ Ներարգանդային պարույրը և ներարկումները կարող են ամբողջությամբ դադարեցնել արյունահոսությունը 1 տարի օգտագործելուց հետո։
- Հորմոնալ թերապիան կարող է օգտակար լինել շուրջդաշտանադադարային շրջանում առաջացող առատ արյունահոսության դեպքում և կարող է վերացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները, գիշերային քրտնարտադրությունը և հեշտոցային չորությունը։ Կարող են կիրառվել վերևում նշված հորմոնալ հակաբեղմնավորիչ մեթոդները։
Հորմոնալ թերապիան ունի ռիսկեր, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և քաղցկեղի ռիսկի բարձրացում։ Նախքան հորմոնալ թերապիա սկսելու որոշում կայացնելը, կարևոր է գնահատել օգուտներն ու ռիսկերը՝ հիմնվելով ախտանիշների և կնոջ անձնական և ընտանեկան բժշկական պատմության վրա։
- Գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոնի ագոնիստներ. Այս դեղամիջոցները կարող են դադարեցնել դաշտանային ցիկլը և փոքրացնել ֆիբրոիդների չափը։ Դրանք օգտագործվում են միայն կարճատև (6 ամսից պակաս)։ Նրանց ազդեցությունը ֆիբրոիդների վրա ժամանակավոր է։ Դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո դրանք սովորաբար վերադառնում են իրենց սկզբնական չափին։
- Էնդոկրին խանգարումները պետք է շտկվեն օգտագործելով համապատասխան դեղամիջոցներ, ինչպիսիք են կաբերգոլինը հիպերպրոլակտինեմիայի համար և լևոթիրոքսինը՝ հիպոթիրեոզի դեպքում։
- Տրանեքսամաթթու. Ֆիբրինոլիզի համակարգի վրա ազդելով դադարեցնում է արյունահոսությունը։
- Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ), որոնք ներառում են իբուպրոֆենը, կարող են նաև օգնել վերահսկել առատ արյունահոսությունը և թեթևացնել դաշտանային ցավերը։
- Վարակի առկայության դեպքում կիրառվում են համապատասխան անտիբիոտիկներ։
Եթե դեղորայքային միջոցներն անարդյունավետ են, կարող է անհրաժեշտ լինել վիրաբուժական միջամտություն: Կան միջամտությունների տարբեր տեսակներ կախված կնոջ վիճակից, տարիքից և ապագայում հղիանալու ցանկությունից։
- Էնդոմետրիալ աբլյացիան ոչնչացնում է արգանդի լորձաթաղանթը։ Այն դադարեցնում կամ նվազեցնում է արյունահոսության ընդհանուր քանակը։ Աբլյացիայից հետո հղիությունը քիչ հավանական է։ Հղիանալու դեպքում կյանքին սպառնացող արյունահոսության ռիսկը զգալիորեն մեծանում է, այդ պատճառով պետք է օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ մինչև դաշտանադադարը։ Ստերջացումը նույնպես լավ տարբերակ է։ Մեկ այլ խնդիր է աբլյացիայից հետո էնդոմետրիումի քաղցկեղի հայտնաբերման դժվարությունը։
- Ֆիբրոդների բուժման մեթոդներ.
- Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. Արգանդի արյունատար անոթները խցանվում էն՝ դադարեցնելով միոմաների աճի համար անհրաժեշտ արյունահոսքը։
- ՄՌՏ ուղղորդմամբ ուլտրաձայնային վիրահատություն. Ուլտրաձայնային ալիքները օգտագործվում են ֆիբրոիդների ոչնչացման համար։
- Միոմէկտոմիա. Հեռացվում է միայն ֆիբրոիդը։ Թերությունն այն է, որ այս վիրահատությունից հետո ֆիբրոդները կարող են նորից աճել։
- Հիստերէկտոմիան արգանդի հեռացումն է։ Այս վիրահատությունը կիրառվում է ֆիբրոիդների և ադենոմիոզի բուժման համար, երբ բուժման այլ տեսակներ ձախողվել են։ Այն նաև օգտագործվում է էնդոմետրիումի քաղցկեղի բուժման համար։ Հիստերէկտոմիան կարող է իրականացվել տարբեր եղանակներով՝ հեշտոցային որովայնային մուտքով կամ լապարոսկոպիկ։ Արգանդի հեռացումից հետո կինն այլևս չի կարող հղիանալ և դաշտան չի ունենա[3]։
- Պոլիպների վիրահատական հեռացում
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգանդի քրոնիկ անոմալ արյունահոսության բարդությունները կարող են ներառել անեմիա, անպտղություն և էնդոմետրիումի քաղցկեղ։ Սուր անոմալ արգանդային արյունահոսության դեպքում ծանր անեմիա, հիպոտենզիա, շոկ և նույնիսկ մահ կարող են առաջանալ, եթե անհապաղ բուժում չսկսվի[5]
ՈՒղեցույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջը (ACOG) հրապարակել է արգանդի անոմալ արյունահոսության վերաբերյալ ուղեցույց[8]։
- Ա մակարդակի հանձնարարականներ (բարձր հավաստիություն)
- Սոնոհիստերոգրաֆիան գերազանցում է տրանսվագինալ ՈՒՁՀ-ին ներխոռոչային գոյացությունների հայտնաբերման առումով (պոլիպներ կամ ենթալորձային միոմաներ)։
- Առատ դաշտանային արյունահոսություն ունեցող բոլոր դեռահասների և արյունահոսական խանգարման պատմություն ունեցող մեծահասակների համար պետք է կատարվեն լաբորատոր թեստեր, ներառյալ արյան ընդհանուր քննություն թրոմբոցիտների որոշմամբ, պրոթրոմբինային ժամանակի և մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի որոշում։ Արյունահոսության ժամանակը ոչ զգայուն է, ոչ սպեցիֆիկ և ցուցված չէ որոշել։
- B մակարդակի հանձնարարականներ
- Chlamydia trachomatis-ի թեստավորումը պետք է դիտարկել վարակի բարձր ռիսկի ունեցող հիվանդների մոտ։
- Հիպոթիրեոզը և հիպերթիրեոզը կապված են անոմալ արգանդային արյունահոսության հետ։ Վահանաձև գեղձի հիվանդության սկրինինգը թիրեոտրոպ հորմոնի որոշմամբ այս կանանց մոտ ողջամիտ է և մատչելի։
- C մակարդակի հանձնարարականներ
- Էնդոմետրիումի նմուշառումը պետք է իրականացվի 45 տարեկանից բարձր հիվանդների մոտ որպես առաջին գծի թեստ։
- ACOG-ն աջակցում է ընդունելու FIGO-ի կողմից մշակված PALM-COEIN անվանակարգային համակարգը՝ AUB-ը նկարագրելու համար օգտագործվող տերմինաբանությունը ստանդարտացնելու համար։
- Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս տրանսվագինալ ՈՒՁՀ-ն որպես նախնական սքրինինգային թեստ և ՄՌՏ-ն որպես երկրորդ գծի տարբերակ, երբ ախտորոշումն անորոշ է։
- ՄՌՏ-ն կարող է օգտակար լինել միոմայի բուժումը ուղղորդելու համար, հատկապես, երբ արգանդը մեծացած է, պարունակում է բազմաթիվ միոմաներ, կամ միոմայի տեղակայման ճշգրիտ որոշումը կլինիկական նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, դրա օգտագործումը դիտարկելիս պետք է կշռել օգուտներն ու ծախսերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Munro, Malcolm G.; Critchley, Hilary O. D.; Fraser, Ian S.; FIGO Menstrual Disorders Committee (2018-12). «The two FIGO systems for normal and abnormal uterine bleeding symptoms and classification of causes of abnormal uterine bleeding in the reproductive years: 2018 revisions». էջեր 393–408. doi:10.1002/ijgo.12666. PMID 30198563. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Liu, Zhimei; Doan, Quan V.; Blumenthal, Paul; Dubois, Robert W. (2007). «A systematic review evaluating health-related quality of life, work impairment, and health-care costs and utilization in abnormal uterine bleeding». էջեր 183–194. doi:10.1111/j.1524-4733.2007.00168.x. PMID 17532811. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.acog.org/womens-health/faqs/abnormal-uterine-bleeding.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Whitaker, Lucy; Critchley, Hilary O. D. (2016-07). «Abnormal uterine bleeding». էջեր 54–65. doi:10.1016/j.bpobgyn.2015.11.012. PMC 4970656. PMID 26803558. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Davis, Emily; Sparzak, Paul B. (2022). «Abnormal Uterine Bleeding». StatPearls Publishing. PMID 30422508. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «ACOG committee opinion no. 557: Management of acute abnormal uterine bleeding in nonpregnant reproductive-aged women». 2013-04. էջեր 891–896. doi:10.1097/01.AOG.0000428646.67925.9a. PMID 23635706. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Practice Bulletin No. 128» (անգլերեն). 2012-07. էջեր 197–206. doi:10.1097/AOG.0b013e318262e320. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Committee on Practice Bulletins—Gynecology (2012-07). «Practice bulletin no. 128: diagnosis of abnormal uterine bleeding in reproductive-aged women». էջեր 197–206. doi:10.1097/AOG.0b013e318262e320. PMID 22914421. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոմալ արգանդային արյունահոսություն» հոդվածին։ |
|